6 դեկտեմբերի 2005 - 15:51 AMT
Դեկտեմբերի 15-16-ը հայկական հարցին նվիրված հերթական համաժողովը կկայանա Ստամբուլում
Դեկտեմբերի 15-16 հայկական հարցին նվիրված հերթական համաժողովն է կայանալու Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում: Համաժողովի նախաձեռնությունը պատկանում է «Հասարակական կազմակերպությունների միության պլատֆորմ» կոչվող մարմնին: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, համաժողովին արտահայտվելու է հիմնականում պետության տեսակետը, սակայն հրավիրված են նաեւ հայ եւ թուրք առաջադեմ պատմաբաններ, որոնք պնդում են Հայոց ցեղասպանության եղելությունը»: Հայաստանցի պատմաբաններից շատերը նույնիսկ չեն պատասխանել: Իսկ Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանել է, որ իր մասնակցությունն ավելորդ է, քանի որ հրավերի նամակում իսկ ցեղասպանության գաղափարը մերժված է, եւ «ցեղասպանություն» բառի փոխարեն գործածված է «պատերազմի ողբերգություն» բառակապակցությունը: Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում էլ ցեղասպանության ուրացումն արդեն հանցագործություն է համարվում: Ամերիկահայ պատմաբան Դենիս Փափազյանն էլ պատասխանել է, որ համագումարին կմասնակցի, եթե Հայաստանից էլ գիտնականներ մասնակցեն:

Կազմակերպիչ պլատֆորմի անունից պրոֆեսոր Այսել Էքշին մամուլին հայտնել է, որ պլատֆորմը կազմված է 37 հասարակական կազմակերպություններից: Նա նշել է, որ թուրք ու հայաստանցի պատմաբաններ մերժել են մասնակցել համագումարին` պահանջելով, որպեսզի նախ ցեղասպանությունը ճանաչվի: «Այս պայմաններում մեր համագումարը պետք է դատապարտվի միակողմանի լինելու»,- ասել է թուրք պրոֆեսորը: Համաժողովի մասնակիցների թվում են Թյուրքքայա Աթայովը, Շյուքրու Էլեքդաղը, Օնուր Էոյմենը, Գյունդուզ Աքթանը, Թուրքիայի Պատմության հաստատության նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն եւ Քոչ համալսարանից ամերիկացի պատմաբան Նորման Սթոունը, որոնք հայտնի են Հայոց ցեղասպանության հարցում իրենց ուրացողական դիրքորոշմամբ: Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցով Ստամբուլի երեք համալսարանների նախաձեռնած համաժողովից հետո, որում հնչեցին Թուրքիայի պաշտոնական տեսակետից տարբերվող տեսակետներ, Թուրքիայում խիստ հաճախակի են դարձել «գիտաժողովները», որոնցում հնչում է բացառապես թուրքական պաշտոնական տեսակետը ցեղասպանության վերաբերյալ: