2 մայիսի 2013 - 17:58 AMT
Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր են քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ջոն Հեֆերնը

Մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ, ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: