7 դեկտեմբերի 2005 - 19:09 AMT
Երեւանի եւ Կահիրեի քաղաքական հարաբերությունները անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական հարաբերություններով
Այսօր պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ա.Մարգարյանը Եգիպտոսի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջերմ ողջույններն ու հատուկ ուղերձը: Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Հոսնի Մուբարաքին` այս տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններում 5-րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ: Նախագահի հետ հանդիպմանը եւս Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել բազմաթեկնածու ընտրությունների անցկացումը Եգիպտոսում` այն որակելով երկրում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական ընթացքը ապահովող գործոն: ՀՀ վարչապետն ընդգծել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից նախաձեռնված պատմական բարեփոխումների իրականացման կարեւորությունը եւ այդ կապակցությամբ հաջողություններ է մաղթել Եգիպտոսի բարեկամ ժողովրդին ու նրա ղեկավարությանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Եգիպտոսի նոր խորհրդարանի ձեւավորումից հետո, ակտիվացում կապրեն նաեւ հայ-եգիպտական միջխորհրդարանական կապերը: Նա կարեւորել է Եգիպտոսի դերն ու միջնորդական ջանքերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը` ելնելով տարածաշրջանային անվտանգության նկատառումներից, մեծապես շահագրգռված է նաեւ Իրաքում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների հարբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային հարցեր:Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս արտահայտվել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը, մինչդեռ թուրքական կողմը հարաբերությունների հաստատումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով: Նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իսլամական համերաշխության շահարկումն ու ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու փորձերը, որոնք, վարչապետի համոզմամբ, չեն համապատասխանում Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ նախագահ Հոսնի Մուբարաքը նշել են, որ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրագրել տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Ըստ նրանց, հաջողված ծրագրերը լուրջ ազդակ կծառայեն առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացման համար: Հանդիպմանը երկու երկրների վարչապետները Եգիպտոսի նախագահին ներկայացրել են նաեւ Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքների արդյունքները` դրանք գնահատելով արդյունավետ եւ գործնական: ԵԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այցելել է Եգիպտոսի Հայոց Առաջնորդարան, որտեղ մասնակցել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը: Առաջնորդարանում կայացել է նաեւ վարչապետի հանդիպումը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ ՀՀ պատվիրակությունն այցելել է պատմական Լուքսորի նահանգ, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել եւ ողջունել է Լուքսորի նահանգապետ Սամիր Ֆարագը: Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ պատվիրակության անդամները ծանոթացել են Լուքսորի պատմամշակութային արժեքներին` այդ թվում նշանավոր Կարնակի տաճարին եւ տեսարժան այլ վայրերին: Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ալեքսանդրիա, որտեղ նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամմադ Աբդել Սալամ Մահգուրի հետ: