3 մայիսի 2013 - 14:04 AMT
Պակիստանում սպանել են Բենազիր Բհուտտոյի սպանության գործով զբաղվող դատախազին

Ուրբաթ առավոտյան Իսլամաբադում սպանվել է Բենազիր Բհուտտոյի սպանության գործով զբաղվող դատախազ Չոդրի Զուլֆիկար Ալին, հայտնել է Al Jazeera-ն:

Ինչպես հայտնում են պակիստանյան ԶԼՄ-ները, անհայտները կրակ են բացել Զուլֆիկար Ալիի ավտոմեքենայի ուղղությամբ, նա մահացու վերքեր է ստացել: Դատախազն այսօր պետք է մասնակցեր Բհուտտոյի սպանության գործով դատավարությանը: Այդ գործով մեղադրյալներից մեկը Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆն է: Նրան մեղադրում են այն բանի համար, որ նա բավարար ջանքեր չի գործադրել Բհուտտոյի անվտանգությունն ապահովելու համար:

Բհուտտոն, որ գլխավորում է Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը, զոհվեց 2007թ. դեկտեմբերին հանրահավաքի ժամանակ: Մահապարտը կրակեց նրա վրա, հետո պայթեցրեց ինքն իրեն: