Երկու շաբաթից Հայաստանը Ստրասբուրգում կներկայացնի Եվրախորհրդում նախագահության գերակայությունները և մանրամասն ծրագիրը, իսկ մինչ այդ այսօր ԱԺ-ում «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն անդրադարձել է մի քանի հարցերի:
Նա անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դեմ ներկայացված հայցերին. «Կան երկրներ, որոնց դեմ տասնապատիկ ավել հայցեր են ներկայացված... Բնական է, մենք միացել ենք համապատասխան կոնվենցիաների, ԵԽ գործող համակարգի մաս ենք կազմում, ուրեմն երբ որ լինում են բողոքներ, համապատասխան որոշումներ, պետք է հարգանքով և ըմբռնումով վերաբերվել դրանց»:
Նախարարը նկատել է, որ հենց այսօր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բաց և անկաշկանդ ձևով բավական սուր հարցադրումներ են հնչում: «Եվ որևէ մեկն իրենց չի ասում՝ ինչո՞ւ եք այդ հարցերը դնում։ Եվ դա անկախ նրանից այդ հարցերը հիմնավորված են, թե ոչ։ Ինքնին դա արդեն ցույց է տալիս, որ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել», - ասաց Է.Նալբանդյանը:
Նա անդրադարձել է նաև ԵԽ նախագահությունը ստանձնելու համար նախապայմաններին. «Ստանձնում ենք նախագահությունը և որևէ մեկը Եվրախորհրդից չի ասում, թե մենք ունեք խնդիրներ։ Դա Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունք է։ Երբ Հայաստան այցելեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը, նա էլ չասաց, որ Հայաստանը որևիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որը հաստատվել է Եվրախորհրդի և Հայաստանի միջև: Չմտնելով Հայաստան – Ադրբեջան հակադրության մեջ, բայց եթե ասում ենք, որ մեր հարևան երկիրը կարող է նույնպես ստանձնել ԵԽ նախագահությունը, ապա կարող ենք ավելացնել, որ հենց իրենք խնդիրներ ունեն։
Նախարարն ընդգծել է, որ ասել, որ մենք ինչ-որ հատուկ մոնիտորինգի տակ ենք ԵԽ առջև մեր պարտականությունների իրականացման առումով, դա այդքան էլ այդպես չէ: Արդեն համապատասխան ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ:
«Մենք բավական ջանքեր ենք գործադրել և գործադրում բարեփոխումներ իրականացնելու առումով: Հարցադրումներին, որոնք բարձրացվել էին ԵԽԽՎ զեկուցողների կողմից մենք ամբողջ լրջությամբ ենք մոտեցել և համապատասխան աշխատանք է տարվել, որը դրական գնահատականի է արժանացել», - ասաց Է. Նալբանդյանը: