4 մայիսի 2013 - 12:32 AMT
Գ. Սահակյան. Քանի դեռ երկիրը պատերազմական իրավիճակում է, ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին

Նոր կառավարության կազմում որոշ փոփոխություններ կլինեն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, բայց մանրամասներ չի հայտնել:

Կառավարության արդյունավետության համատեքստում քաղաքական գործիչն անդրադարձել է նաև տնտեսական, սոցիալական խնդրիներին, մասնավորապես, արտագաղթին: Նա նշել է, որ մինչև 1994 թվականը մոտ 800 հազար քաղաքացի լքել է Հայաստանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այսօր երկիրն այդ առումով ծայրահեղ վիճակում է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավաստիացրեց, որ այդ առումով քայլեր ձեռնարկվում են, բայց երկրին անհրաժեշտ է նաև ընդդիմություն.«Ձեր ասած խնդիրների մեծ մասը մենք ենք բարձրացնում, և չի կարելի հարցերը տեսնել շատ լարված»:

Հնարավոր կոալիցիայի մասին Գ. Սահակյանը նշել է. «Կոալիցիա կազմելն ինքնանպատակ չէ, որ ասենք լավ տղերք են, մենք էլ ենք լավ տղերք, եկեք կոալիցիա կազմենք: Սովորաբար, կոալիցիա կազմում են, սակայն ընտրություններից կես տարի առաջ դուրս են գալիս և հարվածում իշխանությանը: Այդպես վարվում են ադեի փեշի տակից դուրս եկողները, որոնք անընդհատ կոնֆետից օգտվում են, հետո ասում են ինչո՞ւ թաքուն՝ ադեի շորի տակից վերցնենք, միանգամից դուրս կգանք: Հետո էլի հուսախաբվում են ու փորձում համաձայնությունների գալ»:

Գ.Սահակյանը ԱԺ-ում «գողականների» լինել-չլինելու մասին հարցին էլ է պատասխանել` նշելով, որ ԱԺ-ում չի կարող գողական պատգամավոր լինել, քանի որ ստացվում է, որ ժողովուրդը գողերին է ընտրել:

Նա ևս մի ուշագրավ հայտարարություն է արել. «Քանի դեռ երկիրը պատերազմական իրավիճակում է, ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, որովհետև ՀՀԿ գաղափարական մոտեցումները «երկրի պահակի դրսևորումը» ունեն: