
Ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացել է «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:
Միջոցառմանը մասնակցել են տարբեր պետությունների մոտ 120 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն էր ստեղծել պատմաբանների միջպետական համագործակցություն, նոր սերնդի մեջ սերմանել հարևան պետությունների, նրանց պատմության, պատմական իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն, կատարել պատմական ակնարկ` Հայրենական մեծ պատերազմի հետևանքների և արդյունքների մասին:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին կուրսի սան Գուրգեն Մկրտչյանը, ով միջոցառման ժամանակ պատշաճ ներկայացրել է Հայաստանը և կազմակերպիչների կողմից բարձր գնահատականի արժանացել ակտիվ մասնակցության, ապագա հայ սպայի արժանապատիվ կեցվածքի համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: