Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366 982 մարդ։ Ոստիկանության հրապարակած տվյալներով Երևանում ապրում է ընտրելու իրավունք ունեցող 816 475 մարդ:
Քաղաքային իշխանության համար պայքարեցին վեց կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես, «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Առաքելություն» կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրեցին 26 տեղական և 1 միջազգային կառույցներ: