5 մայիսի 2013 - 20:35 AMT
«Բարև Երևան». Իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումների

Իշխող կուսակցությունը շարունակում է փորձերը երևանցիների քվեն կեղծելու ուղղությամբ: Այս մասին ասված է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշված է նաև, որ ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցել է աննախադեպ լարված մթնոլորտում.

«Մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները և վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ:

Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության և ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը:

Մենք փոխանցել ենք այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին: Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ-իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը և կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավվումը»: