13 դեկտեմբերի 2005 - 13:52 AMT
Ադրբեջանցի քաղաքագետները հնարավոր են համարում ղարաբաղյան խնդրի լուծումը 2006 թվականին
Խորհրդարանական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը կրկին արդիականացավ, գրում է ադրբեջանական «525» թերթը: Միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձիք, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարեւորում են հակամարտության կարգավորումը հաջորդ տարվա ընթացքում: Իսկ որոշ ժամանակ առաջ Լյուբլյանայում համանախագահները իրենց նոր առաջարկները ներկայացրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ Լյուբլյանայում համանախագահները առանձնազրույցներ են ունեցել Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ, որոնց արդյունքները կարելի է բավարար համարել: Սակայն, Ռուսաստանը ներկայացնող համանախագահը չի պատմել նոր առաջարկների բովանդակության մասին: Նրա խոսքերով, առանց մանրամասների, որոնք նշված են նոր առաջարկներում, հնարավոր չի լինի առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Յու.Մերզլյակովը ասել է, որ մինչեւ համանախագահների այցը տարածաշրջան երկու երիրների արտգործնախարարները պետք է այդ առաջարկները ներկայացնեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին: Ռուս դիվանագետի խոսքերով, համանախագահները նպատակահարմար են համարում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպել եկող տարվա հունվարին: Այդ նպատակով նրանք կողմերին են ներկայացրել իրենց առաջարկները: Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վայրը եւ ժամկետը կհամաձայնեցվեն համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ:

Համանախագահները նշել են, որ խնդրի կարգավորման հավանականությունը 2006 թվականին մեծ է: Քանի որ հաջորդ տարի ընտրություններ չկան ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում: Իսկ դա բարենպաստ պայման է բանակցություններին կանոնավոր ընթացք տալու համար: Որոշ ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Արեւմուտքի եւ միջազգային կազմակերպությունների մտադրությունները ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ մոտ ապագայում կապված կլինեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի հետ: Չի բացառվում, որ կողմերի վրա ճնշում կգործադրվի, քանի որ միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ խոշոր պետությունները շահագրգռված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի լիակատար անվտանգությունն ապահովելու հարցում: Իսկ դրա համար ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի: Քանի որ նրանք հասկանում են, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ հակամարտությունը նավթատարի համար»: Ադրբեջանի Տեխնոլոգիաների եւ քաղաքական իննովացիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլին հայտարարել է, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր կլինի լուծել հաջորդ տարի: «Խաղաղ բանակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի: Սակայն, ցավոք, Հայաստանը չի կատարում պայմանավորվածությունները: Արդյունքում, ստիպված ենք լինում բանակցությունները զրոյից սկսել: Հաշվի առնելով դա, հնարավոր է, որ մինչ այժմ ստացված արդյունքները ընդգրկվեն մեկ միասնական փաստաթղթում, որը կստորագրեն կողմերը»:

Ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին նույնպես հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եկող տարվա ընթացքում: Նա նշել է, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան խնդրի հետ կապված լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդել, որ այդ գործընթացները ցուցադրական բնույթ ե կրում: «ԱՄՆ-ն լուռ ընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ամենայն հավանականությամբ, դա կապված է ղարաբաղյան հակամարտության հետ: Պաշտոնական Վաշինգտոնի համար գլխավորը հարցի կարգավորումն է առաջիկայում: Քանի որ ներկայիս դրությունը ԱՄՆ շահերից չի բխում: Հաշվի առնելով դա, ես գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հավանական է եկող տարի: Սակայն, լուծումը չի լինի Ադրբեջանի օգտին»: Քաղաքագետը նշել է նաեւ, որ մոտ ժամանակներս ճնշումը Ադրբեջանի վրա կապված հակամարտության կարգավորման հետ կուժեղանա: «Սակայն, ամեն ինչ վերջին հաշվով կախված կլինի Ադրբեջանի հասարակության կամքից»,-համոզված է քաղաքագետը: