7 մայիսի 2013 - 12:34 AMT
Գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց ամենից շատ մտահոգում են ջրի ու ապահովագրության հարցերը

Գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց ամենից շատ մտահոգում են ջրի ու ապահովագրության հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ:

Աշխատաժողովը «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի եզրափակիչ փուլն է, որը մեկնարկել էր 2012թ. մարտին և ավարտվելու է ընթացիկ տարվա մայիսին: Ծրագիրն իրականացվում է Երևանում, Աշտարակում ու Արարատում և ուղղված է կանաց հնարավորություների բարձրացմանը սեմինարների ու խորհրդատվությունների միջոցով: Ծրագիրն ուղղված է գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Լիլիթ Ասատրյանը պարզաբանեց, որ Արարատյան դաշտավայրի անապատացումը լուրջ խնդիր է ՀՀ գյուղատնտեսության համար: Իսկ ապահովագրության հարցերն, ըստ նրա, այսօրվա դրությամբ առավել արդիական են, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվող կանայք ցանկանում են ապահովագրված լինել անբարենպաստ բնակլիմայական երևույթներից:

Լիլիթ Ասատրյանը հավելեց, որ երկօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում առաջարկներ կնախապատրաստվեն մի շարք գյուղատնտեսական խնդիրների լուծման վերբերյալ և կներկայացվեն պատկան մարմիններին: