Այսօր դատարանը կներկայացնի Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը: Տուժող կողմը որոշել է դատական նիստին չներկայանալ և հանդես է եկել հատրարարությամբ.
«Այսօր դատարանը դատավճիռ է արձակում Արտակ Նազարյանի մահվան գործով: Տուժող կողմը ներկա չի լինելու դատական նիստին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նույն դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ դատավարությունն ընթանում էր արդեն մեկ տարի և 9,5 ամիս: Եվս մեկ տարի էր տևել քրեական գործով նախաքննությունը, որը վարել էր ՊՆ Քննչական ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ պայմանագրային սպա, լեյտենանտ, 31-ամյա Արտակ Նազարյանը՝ բերանի խոռոչում հրազենային վիրավորումով, մահացած էր գտնվել 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացնում «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասը: Չնայած մահվան պաշտոնական վարկածին, տուժող կողմը վստահ է, որ կատարվածը սպանություն էր, ինչը պնդելու համար բավականաչափ հիմքեր կան:
Մասնավորապես, քննություն չի տարվել և չի պարզվել, թե ում և ինչպիսի ներգործության արդյունքում են Նազարյանի մարմնի վրա մահից «մինչև մոտ 6 ժամ առաջ» և «ոչ շատ առաջ» հայտնվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ; ում հետ և ինչ պայմաններում է Նազարյանը դատարկ ստամոքսով ալկոհոլ ընդունել մահից մոտ 1-1,5 ժամ առաջ; ինչ հետևանք է ունեցել մահից ժամեր առաջ Նազարյանի հասցեին նրա վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը: Նազարյանի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, նրա ստացած 120 փամփուշտներից ոչ մեկը չի պակասել մահից հետո, տեղազննության ժամանակ հայտնաբերված պարկուճի փոխարեն փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ: Նազարյանի ծառայակիցները դեպքից անմիջապես հետո ապօրինի ազատազրկման են ենթարկվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում՝ 9-25 օր ժամկետով, որի ընթացքում ճնշումների և բռնության միջոցով նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:
Ի սկզբանե, նախաքննությունը տարվել է «ինքնասպանության հասցնելու» կանխավարկածով: Մեկուկես տարի տևած դատաքննության ընթացքում բացահայտվեցին զինվորական դատախազության վերահսկողությամբ նախաքննական մարմնի գործած բազմաթիվ ապօրինություններ և խախտումներ, որոնք ուղղված են եղել մեկ նպատակի՝ կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն և քողարկել Արտակ Նազարյանի մահվան իրական մեղավորներին: Սակայն դատարանը նույնպես չնպաստեց Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքները բացահայտելուն: Ավելին՝ դատավոր Սամվել Մարդանյանը ամեն կերպ խոչընդոտում էր այդ ուղղությամբ տուժող կողմի ջանքերին՝ մերժելով նրանց միջնորդությունները, որոնք կարող էին նպաստել սպանության բացահատմանը:: Մարդանյանի որոշմամբ էր, որ դատաքննությունը Երևանից տեղափոխվեց Իջևան՝ դժվարամատչելի դառնալով լրատվամիջոցների, քաղաքացիական և լայն հասարակության համար:
Ի վերջո, զինվորական դատախազությունը դատարան բերեց մի մեղադրական ճառ, որն ամբողջությամբ անտեսում էր դատաքննության ընթացքում ձեռք բերած ապացույցներն ու վկայությունները և կրկնում էր մեղադրական եզրակացությունը, որով գործը ընդունվել էր դատարանի վարույթ:
Ամենաակտիվ կերպով մասնակցած լինելով դատավարությանը, ներկայացրած լինելով բազմաթիվ միջնորդություններ, ջանք չխնայելով հանցագործությունը բացահայտելու համար՝ տուժող կողմը ստիպված է արձանագրել, որ Ս. Մարդանյանի նախագահությամբ դատարանը ամեն կերպ խոչընդոտելով այդ ջանքերին, միանգամայն կանխատեսելի է դարձրել կայացվելիք դատավճիռը:
Եթե դատարանն այսօրվա դատավճռով «նոտարական կնիք» դնի զինվորական դատախազության բերած մեղադրանքի վրա, տուժող կողմը վճռական է գործը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում, հասնել նոր քննության՝ սպանության հատկանիշներով, բացահայտել ճշմարտությունը և կայացնել արդարություն»: