8 մայիսի 2013 - 15:52 AMT
Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կրկին դադարեցվել է

Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կրկին դադարեցվել է` Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթները հետաձգվել են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:

«Չվերթները պետք է պարբերական դառնային՝ ամեն չորեքշաբթի ժամը 03:10-ին, սակայն մայիսի 1-ին և մայիսի 8-ն նախատեսված չվերթները չեն կայացել»,- ասաց Հովհաննիսյանը:

Առաջին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին: Նախնական տվյալներով` գուցե հաջորդ չվերթը լինի մայիսի 15-ին. տոմսեր վաճառում են Չվերթի կայանալ-չկայանալու մասին հաղորդվում է ընդամենը մեկ օր առաջ:

Նրա խոսքով՝ պատճառների մասին չի հաղորդվում, բայց հավանական է` քիչ ուղևորների պատճառով: Նորություն չկա նաև դեպի Հալեպ և Լաթաքիա իրականացվող չվերթներից: Դամասկոս-Ղամիշլի-Երևան առաջին չվերթով Հայաստան էր եկել 68 մարդ, մեկնել` 12-ը: Միակողմ տոմսն արժեր 165 հազար դրամ, իսկ երկկողմը` 245 հազար:

Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք ևս անժամկետ դադարեցվել են: Այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին. Երևան է ժամանել 75 ուղևոր, մեկնել`13:

Վերջին շրջանում Հալեպի օդանավակայանի շուրջ ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները հաճախակիացել են: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Իսկ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար: