17 դեկտեմբերի 2005 - 14:01 AMT
Ստավրոպոլյան թերթը արդարացնում է հայկական տապանաքարերը պղծած վանդալների գործողությունները
Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Նադեժդա գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վայրագությանը իր բացատրությունն է տվել Ստավրոպոլում հրատարակվող երկրամասային «Ստավրոպոլսկայա պրավդա» թերթը «Հանգուցյալների անհավասարությունը» հոդվածում («Ստավրոպոլսկայա պրավդա», 2005 թ. դեկտեմբերի 15), հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես գրում է թերթի լրագրող Ալեքսանդրա Ռաշիդովան, «իրավասու աղբյուրի տվյալներով, ամեն ինչ չէ, որ միանշանակ է գերեզմանների պղծման գործում»: Իբր կան փաստեր, որ վկայում են, թե հայերը, որոնց տապանաքարերը այլանդկավել էին հանցագործների կողմից, հուղարկավորված են եղել... ռուսական գերեզմանների վրա: Այսինքն ի սկզբանե տուժել են տեղի ռուս բնակչության գերեզմանները, ինչն էլ կարող էր պատճառ հանդիսանալ գերեզմանատանը կատարված ավերածության համար»: Այդպիսով, երկրամասի հասարակական քաղաքական թերթը, գործնականում արդարցնում է վանդալներին, փորձելով բացատրել նրանց գործողությունները: «...եթե մենք բոլորս (եւ հայերը, եւ ռուսները) հանդես ենք գալիս ազգերի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին եւ հանդուրժողականությունը հռչակում ենք արդի քաղաքակիրթ հանրության հիմնական նորմերից մեկը, ապա դա ենթադրում է ոչ միայն հավասարություն, այլ նաեւ փոխադարձ պատասխանատվություն: Իսկ վերջինիս հետ, ըստ ամենայնի, իրադրությունն այնքան էլ լավ չէ»,-նշում է Ռաշիդովան, որպես օրինակ բերելով ստավրոպոլցի թոշակառուի հեռախոսազանգը, որը դժգոհ է նրանից, որ երկրամասի կենտրոնի գերեզմանտներից մեկում մի քանի տարի առաջ հայտնվել է «հայերի պատվավոր ծառուղի»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի լույս 6-ի գիշերը Նադեժդա գյուղի կենտրոնական գերեզմանատանը պղծվել են 14 հայկական գերեզմաններ: Ոճրագործները թթվային նյութ են լրցրել մարմարե քարերի վրա, կոտրել են տապանաքարերը եւ փորել են հանգուցյալների լուսանկարների աչքերը: Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի դատախազ Ալեքսանդր Բեսեդինը, որն իր վերահսկողության տակ է վերցրել դատավարությունը, ավելի վաղ ասել էր. «Որպես հանցագործության վարկած մենք դիտում ենք խուլիգանական գործղությունները, ինչպես նաեւ ազգամիջյան պառակտում սերմանելու փորձը: Չի բացառվում, որ հանցագործները ավերել են գերեզմանները ազգային ատելության հողի վրա»: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 244 հոդվածով` «հանգուցյալների մարմինների եւ նրանց հուղարկավորության վայրերի պղծում»: Նշենք, որ անցած ամսվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, ուղղված տեղի հայ համայնքի դեմ: Ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին Պյատիգորսկում (Ստավրոպալի երկրամաս) փորձ է արվել հրկիզելու քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ անհայտները պատուհանից ներս էին նետել պայթուցիկ խառնուրդով շիշը: Իսկ դրանից մի քանի օր առաջ Բուդյոնովսկում անհայտները պղծել էին Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայերին նվիրված հուշարաձանը, որը մարմնավորում է ռուս-հայկական բարեկամությունը: Վերը նշված ոչ մի դեպքի առնչությամբ, մինչ օրս չկան ոչ ձերբակալվածներ, ոչ կասկածյալներ, ինչը հարուցում է Ռուսաստանի հայ հասարակության լուրջ մտահոգությունը: