13 մայիսի 2013 - 13:40 AMT
Անդրեյ Արեշև. Հրադադարի 19-ամյակը կողմերը դիմավորում են տագնապալի իրավիճակում

Անժամկետ հրադադարի 19-ամյակը, որը ձեռք բերվեց 1994թ. մայիսին Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, կողմերը դիմավորում են տագնապալի իրավիճակում: Ուժերի փխրուն հավասարակշռությունը ցանկացած պահի, ինչպես դա արդեն բազմիցս է եղել նախորդ տարիներին, կարող է ենթարկվել սադրանքների, որոնք խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ են պարունակում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԴ Սևծովյան ու կասպյան տարածաշրջանների քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, արդեն այժմ որոշ դիտորդներ արձանագրում են բանակցային գործընթացի փաստացի կոլապսը, որը զուտ դեկորատիվ բնույթ է ստացել:

«Անշուշտ, դա լավ է, քան ոչնիչ չանել, սակայն «խաղաղարարությունը» վերջին ժամանակներին ինչ-որ յուրահատուկ ձևեր է ստանում: Բարդ հակամարտության բաղադրիչների օբյեկտիվ ու անկանխակալ զննության փոխարեն, փորձ է արվում վերակենդանացնել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք ոչ մի տեղ նորմալ չեն էլ հրապարակվել: Վերսկսվել են ստատուս կվոյի անթույլատրելիության մասին ակնարկները, ինչը բխում է ամենաանհաշտ շրջանակների շահերից, որոնք ազգամիջյան ատելություն ու անհանդուրժողականություն են սերմանում՝ բազմաթիվ սադրանքներ հրահրելով հայկական պետությունների սահմաններին»,-ասել է նա:

Փորձագետը հավելեց նաև, որ իրավիճակի սրման լրացուցիչ գործոն են հանդիսանում մի շարք արևմտյան, ինչպես նաև տեղի ուժերի աշխարհաքաղաքական էքսպերիմենտները այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում, որն անմիջականորեն հարում է նախկին խորհրդային Անդրկվոկասի հանրապետությունների սահմաններին: «Այս ամենը ստիպում է Երևանին ու Ստեփանակերտին առանձնահատուկ ուշադրություն դարձնել սեփական անվտանգության բարձրացմանը՝ իրականացնելով փոխլրացման արտաքին քաղաքականություն, հստակ նախանշելով գերակայությունները անվտանգության ու համատեղ պաշտպանության ոլորտում: Այդ ուղղությամբ քիչ բան չի արվել, դա լավագույն երաշխիքն է, որ 19 տարի առաջ հաստատված հրադադարի արդյունքները վերանայելու բոլոր փորձերը լիովին կբացառվեն»,-ասել է Անդրեյ Արեշևը: