16 մայիսի 2013 - 13:57 AMT
Հայաստանն ու Գերմանիան կակտիվացնեն տնտեսական կապերը

Մայիսի 14–18–ը պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գերմանիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը և գերմանացի ձեռնարկատերեր։ Մայիսի 15–ի ուշ երեկոյան պատվիրակությունը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի հետ տնտեսական գործակցությունը առավել ակտիվացնելու ակնկալությամբ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստան–Գերմանիա ապրանքաշրջանառության ներկա մակարդակն ու ներքին պոտենցիալը, ինչի արդյունավետ իրականացմամբ արտահանման և ներկրման հարաբերակցությունը զգալիորեն կփոխվի։ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխենշմիդտը, Գերմանիայի տնտեսական արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդերը, Գերմանիայում ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը և «Քրոնիմետ» ընկերության գործադիր տնօրեն , Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկին միանշանակ փաստեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել տնտեսկան կապերը հատկապես Հայաստանի մարզերում և որպես համագործակցության կոնկրետ ոլորտ նշեցին գյուղատնտեսական մեքենաների համատեղ արտադրությունը։ Մինի տրակտորներ արտադրող հայաստանյան «ՉԻՆ–ՎԱՆ» ընկերության նախագահ Սամվել Նաջարյանը համատեղ աշխատելու գործնական առաջարկ արեց՝ ներկայացնելով տվյալ ոլորտի զարգացման հեռանկարները։ Երկուստեք նշեցին պարբերաբար հանդիպումների և կոնկրետ առաջարկություններ անելու անհրաժեշտությունը, ասվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: