22 դեկտեմբերի 2005 - 16:54 AMT
Բաքու. 2006 թվականին կսկսվի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման աշխատանքը
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է լրագրողներին, որ հաջորդ տարի կսկսվի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման աշխատանքը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ բարձր մակարդակի ծրագրման խումբը 2006 թվականի հունվարին կայցելի Ադրբեջանի «գրավյալ տարածքներ», որից հետո տեղեկանք կպատրաստի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման հնարավորության մասին: ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ բարձր մակարդակի ծրագրման խումբը 8-ամյա ընդմիջումից հետո արդեն այցելել է Հայաստան եւ Ադրբեջան` խաղաղապահ գործողության ծավալման համար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչը, նրա կարծիքով, «մեկ քայլ առաջ է»: Մամեդյարովի խոսքերով, խաղաղապահ գործողության համաձայնեցման հարցը բանակցային գործընթացում քննարկվող 9 տարրերից մեկն է: Դեռեւս հայտնի չէ, թե որ երկրները կմասնակցեն խաղաղապահ գործողությանը, ում մանդատով այն կիրականացվի եւ որտեղ կտեղակայվեն բաժանարար ուժերը: