22 դեկտեմբերի 2005 - 18:00 AMT
Ա. Գյուլ. Թուրքիան անարդարացիորեն մեղադրվում է խոսքի ազատության սահմանափակման մեջ
«Թուրքիան անարդարացիորեն մեղադրվում է խոսքի ազատության սահմանափակման մեջ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը երկրի խորհրդարանում 2006 թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ: Գյուլը նշել է, որ Օրհան Փամուկի դատավարության մասին բարձրաձայնողներն «այնպես են խոսում, կարծես` մեր բանտերը հին ժամանակների նման լեցուն են բանաստեղծներով եւ գրողներով»: Թուրքական «Սթար» օրաթերթը գրում է, որ Գյուլը նաեւ անդրադարձել է կիպրոսյան հարցին եւ արտահայտել պաշտոնական դիրքորոշումը. «Մենք պատրաստ ենք Կիպրոսի հարցի կարգավորմանը: Այս դիրքորոշման մասին մենք հայտնել ենք նաեւ ՄԱԿ-ի` հակամարտության լուծման ծրագրի ներկայացման ժամանակ: Սակայն յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ մենք Կիպրոսը չենք զոհաբերի այլ շահերի համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Աբդուլահ Գյուլը նաեւ անդրադարձել է նոր Քրեական օրենսգրքի 301 հոդվածի (հոդվածը ազատազրկման է դատապարտում յուրաքանչյուր անձի, ով կխոսի Հայոց ցեղասպանության կամ Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին) փոփոխության հարցին եւ նշել է, որ այս հարցը ներկայումս «հուզում է կառավարությանը»: