22 դեկտեմբերի 2005 - 19:05 AMT
Սոցինտերնը երբեք չի դիտարկել Հայաստանին որպես ագրեսոր
«Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարությունը սուտ անվանել իհարկե կոպիտ կլինի, սակայն այլ կերպ դա որակել շատ դժվար է` դա բացարձակ սուտ է»: Այդ մասին հայտարարել է Հայ դատի գրասենյակի եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքական հարցերով բյուրոյի ղեկավար, Կիեւում կայացած Սոցինտերնի նիստի մասնակից Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Ալիզադեի Բաքվում արած հայտարարությունն այն մասին, թե «Սոցինտերնը ուժի մեջ է թողել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» բանաձեւը: Ըստ Մանոյանի, հայկական ագրեսիայի մասին խոսակցություն, առավել եւս բանաձեւ Սոցինտերնի Կիեւում կայացած նիստում չի ընդունվել: «Ավելին, Սոցինտերնը երբեք չի դիտարկել Հայաստանին որպես ագրեսոր: Եվ, բնական է, որ մեր առջեւ խնդիր չկար փոխելու գոյություն չունեցող տեսակետը»,-նշել է Կիրո Մանոյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ նիստի արդյունքներով զեկույց է հրապարակվել, որտեղ, մասնավորապես, շոշափվում են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները եւ հետընտրական իրավիճակն այդ երկրում: «Նիստի ընթացքում նաեւ խոսք չի եղել որեւէ բանաձեւից ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը մանդատից զրկելու վերաբերյալ դրույթը հանելու մասին»,-հայտարարել է Մանոյանը` կարծիք հայտնելով, որ Արազ Ալիզադեն ստիպված է եղել նման հայտարարություն անել Բաքվում` արդարացնելու համար իր մասնակցությունը Սոցինտերնի նիստին:

Նշենք, որ վերադառնալով Կիեւից, Արազ Ալիզադեն Բաքվում հայտարարել էր, թե «Սոցինտերնը ուժի մեջ է թողել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» բանաձեւը»: Ալիզադեն նշել էր նաեւ, որ նիստին մասնակցող հայկական կողմը առաջարկել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալաին փոփոխության ենթարկել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ընդունած բանաձեւը: «Սակայն Այալան հաղորդեց նրանց, որ բանաձեւը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանն ազատի Ադրբեջանի հողերը»,-ըդգծել է Ալիզադեն: ԱՄՆ համանախագահը հաղորդել էր նաեւ, որ նիստը կազմակերպվել էր «ԱՊՀ եւ Կովկասի երկրներ» կոմիտեի կողմից: Նիստում ընդունված բանաձեւերից մեկը վերաբերում էր Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: