20 մայիսի 2013 - 11:35 AMT
Օբյեկտիվ. Լարախաղացն` առանց լարի

Լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ Սիսիանում թողեց կնոջն ու երեխաներին, եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու, լարախաղացությամբ գումար վաստակելու և ընտանիքը պահելու:

Գրքերի մի մասն այս երեք տարիների ընթացքում կարողացել է տպագրել, ասում է ` ժողովուրդն է օգնել: Սակայն նրա ամենամեծ ցանկությունը լարախաղացի արվեստը տարածելն ու զարգացնելն է, ինչի հնարավորությունն էլ խնդրում է, որ իշխանությունները տան: Վլադիմիր Հակոբյանը նկատում է, որ այսօր բոլորը Լեոնիդ Ենգիբարյանի արվեստի մասին են խոսում, իսկ քաղաքում հիմա էլ կան տաղանդավոր լարախաղացներ ու աճպարարներ, որոնց մասին անգամ տեղյակ էլ չեն: Նա ցանկանում է մի կառույց հիմնել, որտեղ կկարողանա համախմբել բոլոր լարախաղացներին: Խնդրում է, որ պետությունը մի փոքր գումար հատկացնի, որ կարողանա հիմնել այդ կենտրոնը և իր հմտությունները փոխանցել հաջորդ սերունդներին: Մասնագիտությամբ ռեժիսոր լարախաղացը դիմել է տարբեր պատկան մարմինների, մշակույթի նախարարություն ուղարկված մի շարք նամակներ ունի, սակայն դրանք մնացել են անպատասխան:

Երկրորդ խնդրանքն ավելի հեշտ իրագործելի է: Այս դեպքում նրան կարող է օգնել Երևանի քաղաքապետարանը: Նա պարզապես խնդրում է, որ իրեն թույլ տան քաղաքի որևէ հատվածում, որտեղ որ հարմար է ու ոչ մի բանի չի խանգարի, ցանկացած պահի իր լարը կապել և օրվա ապրուստ վաստակել:

Վրադիմիր Հակոբյանը պատմում է, որ ինքը Սիսիանում Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից է: Ակտիվորեն մասնակցել է կազմակերպչական աշխատանքներին:

Նրան արդեն 20 տարուց ավելի է, ինչ աջառադրել են արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, սակայն մինչ օրս կոչում չեն տվել: Նա ցույց է տալիս մշակույթի ոլորտում արտասահմանում ստացած մեդալներն ու նկատում, որ արցախյան պատերազմին մասնակցության համար միայն մեկ պատվոգիր է ստացել՝ վարչապետից:

Սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց լարախաղացը չի դժգոհում հայրենիքից ու ժողովրդից, դժգոհում է անարդարություններից: Վլադիմիր Հակոբյանը 7 երեխա ունի, 3-ը` անչափահաս: Փոքրերից երկուսը տղա են, նա հպարտությամբ նշում է, որ ևս երկու ապագա զինվոր է մեծացնում հայրենիքի համար: Նա հիշեցնում է, որ պետք է անընդհատ բարձր պահել հայրենասիրական ոգին ու անկախության գաղափարը:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան