«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2012-2013 թթ. մրցաշրջանում թիմը զբաղեցրել է վերջին`8-րդ, տեղը: «Դժբախտաբար այս մրցաշրջանում թիմը հանդես եկավ շատ ցածր արդյունքներով և հայտվեց առաջնության ետնամասում»,- Իսրայելյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նրա, տարիների ընթացքում «Բանանցը» տվել է բազմաթիվ սաներ, որոնք ընդգրկվել և այժմ էլ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմերում. «Սա վկայում է այն մասին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարել հայկական ֆուտբոլի զարգացման և կայացման գործում: 2012 թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան, որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնագետներ, ավարտվել է մարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցներ: Այժմ ակադեմիան լիարժեք գործում է»:
Նա աններելի է համարում թիմի անհաջող ելույթը առաջնությունում, սակայն չի նշել, թե ում սխալի պատճառով է այդ ամենը տեղի ունեցել:
«Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից»,- հավելել է նա: