20 մայիսի 2013 - 15:12 AMT
Հայաստանը մասնակցում է Սոֆիայում բացված «Խաչը եվրոպական մշակույթում» ցուցահանդեսին

Մայիսի 13-ին Սոֆիայում բացվեց «Խաչը եվրոպական մշակույթում» ցուցահանդեսը։ Ցուցադրությունը հանդիսանում է այն հիմնական մշակութային միջոցառումը, որը կազմակերպվում է Բուլղարիայում՝ Եվրոպական Միության Խորհրդի Իռլանդական նախագահության շրջանակներում, ասված է Բուլղարիայում ՀՀ դեսպանության մամլո հաղորդագրության մեջ:

Հայաստանը, ինչպես և Եվրոպական Միության բոլոր պետությունները, ունի նշանակալից քրիստոնեական ավանդույթներ, որոնք արձագանք են գտնում Եվրոպայի գեղարվեստական ժառանգությունը հանդիսացող խաչերի հարուստ բազմազանության մեջ։ Այդ նկատառումներից ելնելով` ցուցահանդեսին մասնակցեց նաև Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ներրկայացնելով Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու թանգարանից նմուշներ, այդ թվում «Քրիստոսի Խաչելության Սուրբ Թագավորի Բևեռի» մասունքը պարունակող Խաչը, տեղեկացնում են Առաջնորդարանի մամլո դիվանից:

Ցուցահանդեսում Իռլանդիայի խաչերի բնորոշիչ ավանդույթները զուգորդվում են Հայաստանի եւ ԵՄ երկրների խաչերի հետ՝ կազմելով գեղարվեստական և կրոնական ավանդույթների մի ուշագրավ ամբողջություն։ Տասներկու պետությունների կողմից ներկայացված ցուցանմուշներ պարունակող այս ցուցահանդեսը վկայում է ինչպես եվրոպական ժողովուրդների ընդհանուր արմատների, այդպես էլ ընդհանուր եվրոպական տան հարուստ մշակութային բազմազանության մասին։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Սհոյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը։

Ցուցահանդեսը գործելու է Սոֆիայի Ազգային ազգագրական թանգարանում 13-27-ը, ասվում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքում: