Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին, թե ինչո՞ւ է կառավարության գործունեության ծրագրից դուրս մնացել ատոմակայանի կառուցման մասին դրույթը:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ատոմակայանի կառուցումից չեն հրաժարվել, պարզապես գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է: «Նոր ատոմակայանը պետք է կառուցվի այն ժամանակ, երբ վերջնականապես շահագործումից կհանվի գործող ատոմակայանը: Երբ պարզ կլինի, թե որքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, կկողմնորոշվենք, թե երբ կառուցենք նորը:
Նիստի ընդմիջմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ևս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից, իսկ այժմ բանակցություններ են գնում գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու շուրջ: