21 մայիսի 2013 - 12:14 AMT
Կիպրահայերը ուխտագնացություն են կատարել դեպի Մարգարավանք

Կիրակի օրը՝ մայիսի 19-ին շուրջ 150 ուխտավոր հայեր ուխտագնացություն են կատարել դեպի Մարգարավանք, որը գտնվում է Կիպրոսի թուրքական մասում: Ուխտագնացությունը կազմակերպել էին հայ համայքնի առաջնորդ Վարդգես Մահտեսյանն ու ՀԱԵ Կիպրոսի թեմը, գրում է Famagusta Gazette-ը:

Վանքը հիմնել են ղպտիները մ.թ. 1000 թ. և նվիրված է այն Մակարիոս Ալեքսանդրացուն, իսկ 1425թ. այն վերածվել է հայկական եկեղեցու:

Վանքը գտնվում է սարի վրա և լավ եղանակին տեսանելի են Տավրոսի լեռները Կիլիկիայում: Առաջին համաշխարհայինի տարիներին վանքում ապրում էին որբ երեխաները, որոնք մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից: Այնտեղ կան անգին հայկական ձեռագրեր, որից ամենահինը թվագրվում է 1202թ.: 1947թ. նրանց մի մասը փոխանցվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և այդպիսով փրկվեց ոչնչացումից:

Մարգարավանքը 1974թ. հայտնվեց թուրքական զորքերի զավթած տարածքում և դանդաղ փլուզվում է: