22 մայիսի 2013 - 11:17 AMT
Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ, պնդում են ոլորտի մասնագետները

Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ և Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը:

Նման տեսակետներ հնչեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կայացած համաժողովի ժամանակ, որը կրում էր «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» խորագիրը:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հնչեց նաև տեսակետ, որ ոչ-էներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության և մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Այս խնդիրների լուծումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:

Նշենք, որ 2012թ. հոկտեմբերին ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը շարունակում են մեծացնել Հայաստանի կառավարության կարողությունները էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բարելավմանն հարցերում: Այս համաժողովը ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերից է և նպատակ ունի խթանել էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի հարցերի շուրջ երկխոսությունը կառավարության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների շրջանում: