
Մայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանն մասնավորապես ասաց. «Հայաստանը ողջունել է կարգավորման բոլոր տարիներին արված միջնորդների հայտարարությունները և պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիության մասին ձևակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս- քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները:
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում և այլն: Ադրբեջանական կողմը ձևացնում է թե իբր ընդունել է 2009թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ «թարմացվածե տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ և փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։
Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում:
Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները:
Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգև խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս:
Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանըե: