22 մայիսի 2013 - 12:26 AMT
Պատգամավոր. Ովքեր չարախնդում են, որ կառավարությունը ոչինչ չի կարողանալու անել, նրանց գլխին սառը ջուր կլցվի

Ամեն ինչ արվելու է, որ գազի առավել ցածր սակագին սահմանվի, վստահեցնում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ գազի գինն այնքան չբարձրանա, որ քաղաքացու համար դժվարություններ ստեղծվեն: Եվ այն մարդիկ, ովքեր չարախնդում են, որ կառավարությունը ոչինչ չի կարողանալու անել, նրանց գլխին սառը ջուր կլցվի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ վաղը երեկոյան պարզ կլինի, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագինը որքանով կբարձրանա: Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ են նախատեսված ԱԺ-ում, որին կմասնակցեն նաև շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով անդրադարձավ գազի գնի բարձրացման շուրջ եղած բողոքներին. «Գործադիրը թաքցրել էր գազի գնի բարձրացումը և հենց դրա համար է մտահոգությունն այսքան մեծ: Հայ ժողովուրդը բունտի կամ հուզվելու ընդունակ է: Ես հույս ունեմ, որ մեծ լարվածություն չի լինի: Մենք փոքր երկիր ենք, մեծ հնարավորություններ չունենք և շատ խնդիրներ կարող են ծագել»:

Անդրադառնալով հնարավոր հասարակական դժգոհություններին, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ եթե բունտ լինի, ապա դրանից երկիրը չի շահի, պարզապես երկիրը պետք է իր ռեսուրսները արդյունավետ օգտագործի:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը տարեկան օգտագործում է 1.5 -2 մլրդ խմ գազ, իսկ ԱՊՀ տարածքում Հայաստանին վաճառվող գազի գինը ամենացածրն է, չհաշված Բելառուսն և Ղազախստանը, որոնք Մաքսային միության անդամ են: