22 մայիսի 2013 - 16:41 AMT
Հայփոստը մտադիր է այս տարվա ընթացքում արդիականացնել 60 փոստային բաժանմունք

Այսօր վերաբացվեց Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի և Արտաշատի մասնաճյուղը: Ընկերությունից հայտնում են, որ շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում: