22 մայիսի 2013 - 16:57 AMT
Ոստիկանությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է «Վերջին զանգի» օրը ուշադիր լինել

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»: Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակ է համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից, կանխել ցանկացած լարվածություն ու միջադեպ: