23 մայիսի 2013 - 12:30 AMT
Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անգործությունը. Տուժում են հիմնականում երեխաները

Մոտ մեկ ամիս առաջ PanARMENIAN.Net-ը «Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Մայրն արգելում է դստերը դպրոց գնալ հոդվածում ներկայացրել էր 15-ամյա Ադանա Կարապետյանի պատմությունը: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ ամիսներ տևած համատեղ աշխատանքի արդյուքում հաջողվեց որոշակի տեղեկատվություն ստանալ աղջկա ու նրա մոր մասին: Այդ ընթացքում պարզվեց, որ Խնամակալության և հոգաբարձության խորհրդը, իմանալով այս երեխայի մասին և տեղյակ լինելով խնդրին, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել երեխային օգնելու համար: Այս և բազմաթիվ այլ դեպքեր հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել է քննարկել համապատասխան իրավական ակտերում լրացումներ կատարելու հարցը` կյանքի հետազոտման գործընթացը համապատասխան մարմնի կողմից գործնականում հստակ կարգավորելու և իրականացնելու համար:

Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ ներկայում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր, որի արդյունքում մշակվում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր: Համակարգի ամբողջական ներդրմամբ կկարգավորվեն նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ բարձրացված` երեխայի (ընտանիքի) կենսապայմանների հետազոտության, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ գործընթացի, դրա մոնիթորինգի և գնահատման հետ կապված հարաբերությունները:

Նշենք, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Անհրաժեշտ է պարբերաբար տնայցեր կազմակերպել երեխաների բնակության վայր, ինչպես նաև շարունակական կերպով հետազոտել երեխաների կյանքի պայմանները, մասնավորապես՝ այն ծնողի վերաբերմունքը դեպի երեխաները, որի հետ բնակվում են, երեխաների հոգեբանական վիճակը, նրանց առաջադիմությունը և այլն: Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն երեխաների հիվանդությունները և այդ հիվանդությունների դեպքում երեխաների համար նախատեսված անհրաժեշտ հատուկ խնամքը:

ՄԻՊ աշխատակիցների դիտարկմամբ՝ գործնականում, սակայն, տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո, քանի որ սուբյեկտիվ գնահատմամբ մեկ տնայցը համարվում է բավարար: Պատճառը կյանքի պայմանների մանրամասն հետազոտություն իրականացնելու համար չափորոշիչների բացակայությունն է, ինչը այս ոլորտում առկա բազմաթիվ այլ օրենսդրական բացերի հետ մեկտեղ Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի թերությունների պատճառն է: