12 հունվարի 2006 - 18:20 AMT
Տ.Թորոսյան. Ռասել Ջոնսթոնի զեկույցում ասվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ` հունվարի 9-ին Փարիզում Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովում նշվել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Տ. Թորոսյանը հայտարարեց այսօր հրավիրած մամլո ասուլիսում: Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի ներկայացրած 1416 բանաձեւին, Տ. Թորոսյանը նշեց, որ այնտեղ չի խոսվում խնդրի կարգավորման մասին, այլ ներկայացվում են այն հնարավոր մոդելները, որոնք կարող են կիրառվել հակամարտության կարգավորման ժամանակ: Տ.Թորոսյանը կարեւորում է այն հանգամանքը, որ այդ բանաձեւում խոսվում է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, եւ հունվարի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ադրբեջանցիները որեւէ առաջարկ չեն ներկայացրել ազգերի ինքնորոշման իրավունքի անվերապահ կատարման առումով: Իսկ ընդհանրապես Տ. Թորոսյանը գտնում է, որ ադրբեջանցիների համար նման բանաձեւերի քննարկումներն ավելի շատ քարոզչական նպատակ ունեն, իսկ փաստաթղթի բովանդակությունը նրանց չի հետաքրքրում: Հունվարի 23-27-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, ըստ Տիգրան Թորոսյանի, առայժմ որեւէ նշում չկա այս զեկույցի մասին: Ուստի անհիմն են ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, որ իրենք պատրաստվում են եւս մեկ անգամ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հարցը: «Նստաշրջանի բացումից հետո Բյուրոն կարող է օրակարգում մտցնել այս հարցը, քանի որ ստանալու է այս փաստաթուղթը եւ դիրքորոշում է ձեւակերպելու հանձնաժողովի հետագա աշխատանքների շուրջ»,- հայտարարել է Տ. Թորոսյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: