23 մայիսի 2013 - 19:56 AMT
Բակո Սահակյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2008թ.-ից հաշմանդամության կարգերի սահմանման ու հստակեցման ոլորտում թույլ տրված խախտումների վերացման ուղղությամբ իրականացվել է ծավալուն և քրտնաջան աշխատանք:

Նա ընդգծել է, որ այս գործընթացի հանդեպ պահանջները եղել և մնում են հստակ, այն է՝ մաքսիմալ օբյեկտիվություն ու թափանցիկություն, ընդգծված հարգալից վերաբերմունք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի վերանայման խնդրանքով յուրաքանչյուր դիմում պետք է ընթացքավորվի, մանրամասնորեն քննարկվի եւ պատասխան տրվի դիմումատուին:

Նա անհրաժեշտ է համարել գործընթացին մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, «Արցախի ազատամարտիկների միության» և Արցախի գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: