
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ Ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հետագա զարգացման գործում: Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման և ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին ասել է, որ Արաբական միացյալ էմիրությունները կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և վստահեցրել, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։
Զրուցակիցներն արձանագրել են, որ հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձել են Երևանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը։