Իսրայելական «Արկիա» ընկերությունը այսօր հայտարարեց հայաստանյան շուկա մտնելու մասին: 1-ին չվերթը Թել Ավիվից Երևան կիրականացվի մայիս 28-ին, իսկ հակառակ ուղղությամբ չվերթը, կախված ուղևորների քանակից, նախատեսվում է իրականացնել հունիսի 5-ին: Չվերթներն իրականացվելու են ամեն երեքշաբթի`Embraer E95 ինքնաթիռով: Տոմսի արժեքը սկսում է 310 եվրոյից:
«Կարծում եմ, որ սա լավ չվերթ է Հայաստանի համար, քանի որ Իսրայելը 6 միլիոն բնակչություն ունի, մոտ է Հայաստանին և մեզ համար դա լավ հնարավորություն է զարգացնել երկկողմ կապերը», - ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր կառավարիչ Մարսելո Վենդեն:
«Արկիա» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Մյուրոքը հավելեց, որ անցած տարի ուսումնասիրությունների են կատարվել և դրանց արդյունքում է իսրայելական ավիաընկերությունը որոշում կայացրեց մտնել Հայաստանյան շուկա: «Որոշմանը նպաստեց նաև Իսրայելից Հայաստան ժամանած լրագրողներ հոդվածները: Նրանք Երևանում հանդիպում էին ունեցել ՀՀ վարչապետի և Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանց հոդվածներից մենք հասկացանք, որ այս ուղղությունը պահանջված կլինի:
Հայաստանյան գրասենյակի տնօրենը նաև նշեց, որ չվերթը կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը և կամրապնդի 2 երկրների հարաբերությունները` հատկապես, որ անցած տարվանից Իսրայելը Հայաստանում հյուպաոս ունի:
Մյուրոքը նաև տեղեկացրեց, որ այժմ Թել Ավիվ մեկնող ուղևորները ստիպված չեն լինի մուտքի արտոնագիր ստանալ հարևան Վրաստանում: Այդ հարցով կզբաղվեն տուրիստական գործակալությունները, որոնց արդեն իսկ հասանելի են ավիաընկերության ծառայությունները, նաև էլեկտրոնային ամրագրումը: