16 հունվարի 2006 - 18:23 AMT
Քյոլնում հայ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել հայկական խաչքարերի ոչնչացման դեմ
Ադրբեջանի զինվորների կողմից 2005 թ. դեկտեմբերի 14-ին Հին Ջուղայի հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացման ժամանակ Պարսկաստանից հայ հոգեւորականի սրտահույզ բողոքի նկարահանված տեսաերիզը, որը համացանցով հասավ աշխարհի տարբեր երկրներ, ընդվզում առաջացրեց նաեւ Գերմանիայի հայ ուսանողության շրջանում: Տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողներից անմիջապես ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը որոշեց Քյոլնի հռչակավոր Դոմի տաճարի դիմացի հրապարակում կազմակերպել բողոքի ցույց, նամակներ ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, գերմանական եւ միջազգային այլ կազմակերպություններին ու գերմանական հեռուստաալիքներին` պահանջելով անհապաղ դատապարտել կատարված հանցագործությունը:
Նոր Տարվա եւ Ծննդյան տոնական օրերին, ուսանողները, որոնց անմիջապես շտապեցին օգնության ձեռք մեկնել Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբ կազմակերպությունը, Հայ Ակադեմիականների Միությունը եւ Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը, պատրաստեցին բազմաթիվ պաստառներ` ադրբեջանական կառավարության վայրագությունները դատապարտող ու ՅՈՒՆԵՍԿՕ-ից անմիջապես միջամտություն պահանջող կարգախոսներով: Կազմակերպիչները պատրաստեցին նաեւ երկկողմ տպագրված 1000-ից ավելի թրուցիկներ: Նրանց վրա պատկերված էր Հին Ջուղայի խաչքարերը կանգուն վիճակում ու ջարդելուց հետո, տրված էր Նախիջեւանի մարզի համառոտ պատմությունը եւ խաչքարերի բացատրությունը` որպես արվեստի եւ հոգեւոր մշակույթի կոթողներ: Քյոլնի իշխանությունների կողմից թույլատրված ցույցը տեղի ունեցավ հունվարի 4-ին: Ներկա էին 60-70 ուսանողներ ու բարձր դասարանների աշակերտներ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ, դր. Շավարշ Հովասափյանը, Գերմանա-հայկական ընկերության ամբողջ վարչությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ եւ այլք: Երկու ժամվա ընթացքում թռուցիկները բաժանվեցին տաճար մտնող բազմազգ այցելուներին ու հրապարակի անցորդներին, բարձրախոսով գերմաներենով մի քանի անգամ կարդացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակն ու ադրբեջանական վայրագությունների մասին պատրաստած տեքստերը: Բողոքի ցույցից հետո հայ ուսանողները մեկնեցին Քյոլնի առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու սրահ, որտեղ երկար քննարկեցին Նախիջեւանի խնդիրների հետագա հետապնդման ու առհասարակ Գերմանիայի հայ ուսանողության ավելի կազմակերպման ու տեղերում ուսանողական աշխատանքների ակտիվացման ընդհանուր հարցեր: