Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 27-28-ը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Անվտանգության խորհրդի քարտուղարներն իրենց նիստում հաստատելու են ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության կանոնակարգը: Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ միացյալ նիստում կհաստատվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2013թ. առաջին կիսամյակի և 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կայանալիք խորհրդատվությունների ծրագիրը, կքննարկվեն նաև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Ղրղզստանի պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Տաբալդիևի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ: