«2013թ. կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար»,-հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
Ինչպես նշել է ԱՊԱ-ն, անդրադառնալով Ադրբեջանի առաջիկա նախագահությանը ԵԽ նախարարների կոմիտեում, Մինյոնը նշել է, որ ԵԽԽՎ-ն բոլոր հնարավորություններն ունի հաշտեցնելու համար երկու կողմերին:
«Մեզ թվում է, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ: Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն են ստանում: Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են ԵԽ Նախարարների կոմիտեում, որի ստեղծման հիմնական նպատակներից մեկը հակամարտությունների կանխումն էր, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը: Այդ առումով, Հայաստանն ու Ադրբեջանը շանս են ստանում: Նրանք պետք է օգտվեն այդ շանսից, գնահատեն այդ պատմական պահն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է նա: