8 օգոստոսի 2003 - 23:07 AMT
ԱՇՆԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍԾՏՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առաջիկա կես տարում նախագահող, Ադրբեջանի մայրաքաղաքում սեպտեմբերի 11-ից 12-ը նախատեսվում է անցկացնել ՍԾՏՀԿ անդամ-երկրների կրթության նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն: Համաձայն աղբյուրի, Բաքվում սեպտեմբերի 18-ից 19-ը կանցկացվի նաեւ էներգետիկայի նախարարների հանդիպումը, իսկ հոկտեմբերի 1-ից 3-ը կհանդիպեն տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները: Հոկտեմբերի վերջին կկայանա կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ անցած կես տարում ՍԾՏՀԿ-ում նախագահել է Հայաստանը: ՍԾՏՀԿ-ի անդամ-երկրներն են` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան, որոնք պատրաստակամություն են հայտնել համագործակցել տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության եւ զբոսաշրջիկության ոլորտներում: