
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու առթիվ և նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
Իր շնորհավորական խոսքում նախագահն անդրադարձել է տոնի խորհրդին, նշել, որ 1918թ. մեր ժողովրդի բոլոր խավերի մասնակցությամբ մայիսյան հերոսամարտերը կռեցին նոր բանակ, նոր պետություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մենք բոլորս մեծ հաշվով ունենք մեկ ընդհանուր նպատակ, որի անունն է Հայաստանի Հանրապետության առաջընթաց: Պետական բարձր պարգևների արժանացածները, Հանրապետության նախագահի համոզմամբ, այն մարդկանցից են, ովքեր իրենց աշխատանքով ընդհանուր նպատակի՝ այսինքն, հայոց առաջընթացի մաս են կազմում: «Այսօր այս դահլիճում իմաստուն ձևով երկու բառով նկարագրվեց տեղի ունեցածը և մեր անելիքը՝ գոյամարտ և հատուցում: Այո՛, կյանքի և մահվան պայքար էր. պայքարում էինք ապրելու համար և այսօր մենք մեր երախտագիտությունը մեր հայրենիքը պահպանողների հանդեպ պետք է արտահայտենք կոնկրետ գործերով: Ժամանակ է պահանջվում, և ես վստահ եմ, որ տասնամյակներ անց մեր սերունդները գնահատելու են ձեր աշխատանքը, գնահատելու են նույն երախտագիտությամբ և նույն ակնածանքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անունից նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին վաստակի և նվիրումի համար՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն նրանց նմանները մեր հասարակության մեջ, այնքան ավելի հարուստ ու հագեցած կլինի մեր հասարակական ու մշակութային կյանքը, այնքան ավելի ուժեղ երկիր կունենանք:
Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը, նախագահի խոսքով, մեծ ընդմիջումից հետո հռչակվում էր հայկական պետության քաղաքացի, և նա պետք է լիներ որակապես նոր մարդ, դրսևորեր նոր հասարակական վարքագիծ: Տոնի առիթով Հանրապետության նախագահը մաղթել է, որ մենք բոլորս հպարտությամբ կրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և իսկապես դրսևորենք ազատ ու անկախ պետության քաղաքացուն վայել վարք:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ազգային միասնությունը, ամուր պետականությունը և քաղաքացիական հստակ դիրքորոշումը հաջողության վճռորոշ նախապայմաններ են, և դա է մեզ հուշում Մայիսի 28-ը կերտած մեր նախնիների փորձը: Այս հիմքերի վրա էլ, ըստ նախագահի, միասին բարձրացնում ենք հայոց պետականությունը նոր աստիճանի: