29 մայիսի 2013 - 10:46 AMT
2012-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասուրդով. Գրանցվել է 7.2% տնտեսական աճ

Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանհիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտները, ծախսերն ու պակասուրդը:

2012 թվականին գրանցվել է 7.2% տնտեսական աճ: 12 ամսյա գնաճը կազմել է 3.2%: Արձանագրվել է 7.4% պետբյուջեի եկամուտների անվանական աճ, ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2%: Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը դոլարային արտահայտությամբ աճել է 7%-ով՝ կազմելով 1428.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը դոլարային արտահայտությամբ՝ 2.9%-ով՝ կազմելով 4266.8 մլն ԱՄՆ դոլար:

2012-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3981.5 մլրդ դրամ: Իրական ՀՆԱ-ն, ըստ կառավարության հաշվետվության, կազմել է 7.2%-ով:

Տնտեսության չորս հիմնական ճյուղերում գրանցվել են աճի ցուցանիշներ: 2012-ին արդյունաբերության իրական աճը կազմել է 5.7%, գյուղատնտեսական աճը՝ 9.3%, շինարարության աճը՝ 0.5%, ծառայությունների իրական աճը՝ 8%:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաև պետական բյուջեի պակասուրդը: 2012-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասոևրդով՝ ճշտված ծրագրով նախատեսված 132.2 մլրդ դրամի 45.3%-ը: Ըստ հաշվետվության՝ շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:

2012-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն ԱՄՆ դոլար: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետական պարտքը կառավարելի է, քանի որ ՀՆԱ-ի հետ համեմատ` այն չի գերազանցել 50 տոկոսի շեմը: