29 մայիսի 2013 - 20:24 AMT
Երևանի քաղաքապետարանը ԼՂՀ մարզադպրոցին նվիրել է մարզական գույք և համակարգիչներ

Քաղաքապետարանում այսօր կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Զեկուցվել է նաև, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի, վարչական շրջանների, հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ է մասնակցել մայիսի 24-ից 27-ը ԼՂՀ-ում կազմակերպված վրանային մարզաառողջարարական արշավին:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երևանի քաղաքապետարանի կողմից ԼՂՀ մարզադպրոցին է նվիրաբերվել մարզական գույք և համակարգչային տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են նաև, որ «Հին Երևան» ծրագրի իրականացման, ինչպես նաև ժամանակակից արվեստի թանգարանի և համազգային թատրոնի նոր շենքերի կառուցման հետ կապված՝ հանձնարարվել է ներկայացնել նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր: