Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ֆահդ Ալ-Ռաշիդին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու և Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների և, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարևորեց արաբական աշխարհի հետ տարբեր հարթություններում հարաբերությունների զարգացումը, այդ թվում, նաև բարեկամ Քուվեյթի հետ: Նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում և բարձր գնահատեց մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը: ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը: «Միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ և խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում են փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում միասնական տեսակետների շրջանակի ընդլայմանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Կարևորելով տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը ` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ իր պաշտոնական այցը Հայաստան կարևոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխգործակցության զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Ֆահդ Ալ-Ռաշիդի խոսքով` երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առևտրատնտեսական ու գիտամշակութային կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: