20 հունվարի 2006 - 15:06 AMT
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Առաջիկայում ակնկալվում է ԵԱՀԿ առաքելության այցը Հայաստան
Հունվարի 19-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի օրենսդրական դաշտը սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համատեքստում քննարկվեցին ԵԱՀԿ-ի հետ համագործակցության եւ փորձագիտական աջակցության խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ 2007 եւ 2008 թթ. Հայաստանում տեղի ունենալիք համապետական ընտրությունների համատեքստում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության եւ Հայաստանին ցուցաբերվելիք տեխնիկական աջակցության խնդիրները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի համար էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտի խնդիրների լուծման կարեւորությանը եւ այդ բնագավառում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությանը: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ առաքելության այցը Հայաստան եւ տարածաշրջան, որի ընթացքում կքննարկվեն տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում համագործակցությանն առնչվող խնդիրները: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց տրանսպորտային եւ էներգետիկ այնպիսի ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնք կնպաստեն տարածաշրջանային զարգացմանը, տնտեսական այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կբացառեն տարածաշրջանային երկրներից որեւէ մեկի մեկուսացումը: