20 հունվարի 2006 - 15:35 AMT
Համաշխարհային բանկը 20 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային Բանկը հաստատել է աղքատության նվազեցման ծրագրի շրջանակներում Հայաստանին 20 մլն դոլար վարկ տրամադրելու որոշումը: Ինչպես այսօր հաղորդել է ՀԲ-ի երեւանյան գրասենյաի ներկայացուցիչ Գոհար Գյուլումյանը, վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի պետբյուջե` կառավարության մակրոտնտեսական ծրագրի դիտարկման իրականացման, սոցիալական ռիսկերի նվազեցման, գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի եւ երկաթգծի ոլորտներում մրցակցության մեծացման նպատակով: Գոհար Գյուլումյանը պարզաբանել է, որ խոսքը գնում է հայկական ավիացիայի ոլորտի ազատականացման մասին` ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու եւ «Հայկական երկաթգիծ» ՊՓԲԸ-ում կորպորատիվ կառավարում ներդնելու նպատակով: 1993 թվականից սկսած Համաշխարհային Բանկը Հայաստանին տրամադրել է 916 մլն դոլար ընդհանուր գումարի վարկեր, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: