23 հունվարի 2006 - 12:45 AMT
Մոզդոկ-Թբիլիսի գազատարը պայթեցվել է. Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանից գազ չեն ստանում
Վրաստանն ու Հայաստանը զրկվել են Ռուսաստանից գազ ստանալու հնարավորությունից: Կիրակի օրը Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վրա մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում գազի առաքումը Հարավային Կովկասից Ռուսաստան դադարեցվել է: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պայթյունները տեղի են ունեցել մոտավորապես ժամը 2:55 Մոսկվայի ժամանակով Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» մաքսային սահմանային անցակետի մոտ: ՌԴ ԱԻՆ-ում դեռեւս դժվարանում են ասել դա դիվերսիա է եղել, թե պայթյունները տեղի են ունեցել ինչ-որ տեխնիկական պատճառներով: Ըստ նախնական վարկածի, գազատարի վնասվածքի պատճառները տեխնիկական են: Առաջին պայթյունը տեղի է ունեցել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի 1200 մմ տրամագծով ճյուղերից մեկի վրա Վլադիկավկազից 30 կմ դեպի հարավ Վերին Լարս անցակետի մոտ: Այնուհետեւ պայթել եւ այրվել է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի 700 մմ տրամագիծ ունեցող ռեզերվային հատվածը, ավելացրել են ԱԻՆ մամլո ծառայությունում: Գազատարի առաքման դադարեցումը համընկավ տարածաշրջանի երկրների անցմանը շուկայական գների եւ սաստիկ ցրտերի հետ: Արտակարգ իրավիճակի պատճառը հավանաբար տեխնիկական է, օրինակ, պայթյունները կարող էին տեղի ունենալ ջերմաստիճանի տատանումների պատճառով: Սակայն, Հյուսիսային Օսեթիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ տեղի ունեցածը կարող է դիվերսիա լինել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: