6 հունիսի 2013 - 10:35 AMT
Մոնսերատ Կաբալիեն` Արցախում. Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը


Հունիսի 9-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի ամենահայտնի երգչուհիներից մեկի` Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: 
Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր և ստեղծագործական խմբի հետ այցելեց Արցախ:

Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը կարևորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները: 
«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը... Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ավելացրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991): Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994):