
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, Գորիսում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ Հայաստանը հասել է մի վտանգավոր կետի` կառավարության անհայրենասիրության պակասի պատճառով: «Երկրի լեգիտիմությունը դրվում է հարցականի տակ, սա ազգային աղետի նշան է, քանի որ պետական ապարատը համալրված է ոչ համարժեք մարդկանցով: Խնամիներով ու գերդաստաններով են պետություն ղեկավարում»,- շեշտեց նա:
Շիրինյանը գտնում է, որ հանցավոր անտարբերություն է դրսևորվում բանակի նկատմամբ, և յուրաքանչյուր ոք ձեռք է բարձրացնում սպայի վրա, ինչն էլ ազգային ոգու թուլացման նշան է. «Այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում բանակի վրա, կարող են ամեն ինչ էլ անել: Պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել, այլապես այս վիճակը Հայաստանը կդարձնի արտաքին ուժերի կողմից ավելի կառավարելի»:
Նա առաջարկում է կառավարական վերնախավին զինաթափվել, զենք չկրել և չվախենալ սեփական ժողովրդից: «Պետք է գիտակցել, թե նմանատիպ դեպքերն ինչի կարող են հանգեցնել: Բոլոր նախագահները իրենց կառավարման երկրորդ շրջանում դառնում են ավելի անկախ ու պետականամետ: Հասարակությունը պետք է անընդհատ պահանջատեր լինի»,- ավելացրեց քաղաքագետը: