27 հունվարի 2006 - 18:23 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը եւ Գերմանիայի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները ռազմական ոլորտում
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում Գերմանիայի պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, բրիգադի գեներալ Հայնց Գեորգ Վագներին: Վերջինս գոհունակություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել մասնակցելու ՀՀ բանակի ստեղծման 14-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ ռազմական կրթության ոլորտում կապերն ընդլայնելու խնդրին, որն առաջարկվեց ներառել հայ-գերմանական ռազմական համագործակցության տարեկան ծրագրում: