10 հունիսի 2013 - 12:33 AMT
Չունկուշ թուրքական գյուղում դեռ բնակվում է վերջին հայուհին

«Կինը, որին ես հանդիպեցի անցած ամիս Թուրքիայի հարավ-արևելքում, հավանաբար, շուտով կմահանա: Ասյայի մահը չի լուսաբանվի ԶԼՄ-ներում, ոչ ոք, բացի մի քանի հոգուց նրա փոքրիկ Չունկուշ գյուղում չի ողբա նրա մահը: Նույնիսկ հարազատները, որոնք սիրում են նրան, հավանաբար, կմտածեն. «Դե, նա արդեն 98 տարեկան էր: Կամ 99: Կամ, եթե նա ապրի մինչև 2015թ., կլինի հարյուրին մոտ: Նա երկար կյանք է ապրել», գրում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը The Washigton Post-ում:

«Երբ ես հանդիպեցի Ասյային մայիսին, նրա դուստրը ինձ թունդ քրդական թեյ հյուրասիրեց և թարմ ելակ իրենց բակից: Երբ ես մի օր վերադառնամ այդ գյուղը և տեսնեմ, որ նա մահացել է, կարծում եմ, ես կարտասվեմ: Ինչո՞ւ ողբալ մի կնոջ համար, որին ես կյանքումս մեկ անգամ եմ տեսել, և որը մի խոսք անգամ չհասկացավ իմ ասածից: Նա խոսում էր թուրքերեն, իսկ ես այդ լեզվով միայն գիտեմ, թե ինչպես կլինի «խնդրեմ» և «շնորհակալություն»: Որովհետև Ասյան այսպես կոչված ծպտյալ հայուհի է, և, հավանաբար, վերջին կենդանի հայուհին Չունկուշում»,-գրում է Բոհջալյանը՝ շարունակելով, որ հանդիպել է նրան պատմական Հայաստան կատարած իր ուղևորության ժամանակ: «Մենք եղանք մեծ քրդական շրջանում, որտեղ 98 տարի առաջ ապրում էին քրդեր, հայեր, թուրքեր ու ասորիներ: Մենք տեսանք ավերված հայկական եկեղեցիներ: Մինչ Հայոց ցեղասպանությունը Չունկուշում 10 հազար հայ է ապրել, այժմ այնտեղ միայն եկեղեցու ավերակներն են ու միյան մեկ հայուհի: Ասյայի մորը սպանել են, իսկ նրան կնության է վերցրել տեղացի ժանդարմը, որին նա դուր է եկել, դրանով իսկ փրկելով Ասյայի կյանքը»,-պատմել է ամերիկահայ գրողը, որի ծնողները ևս մազապուրծ են եղել Ցեղասպանությունից: