10 հունիսի 2013 - 19:55 AMT
Ալեքսանդր Բիչկով. Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ուսանելի են այն երկրների համար

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ունեն ընդլայնման և խորացման ուղղվածություն:

Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարևորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան և Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման և հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:

ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության և հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար: